Ճապոնիայի կառավարությունն ամբողջովին աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասահարու Կոնոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մասահարու Կոնոն նոյեմբերի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացմամբ: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ զարգացման ծրագրերին սատարելու համար: «Այն դրամաշնորհները, տեխնիկական օժանդակությունը եւ արտոնյալ վարկերը, որ տրամադրում է Ճապոնիայի կառավարությունը, մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունեն: Ես առանձնապես կարեւորում եմ, եւ կարծում եմ, որ այն շատ հաջողված է, Երեւանի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ծրագիրը, ինչը Հայաստանի տնտեսությանը զարգանալու հնարավորություն կտա, նաեւ որոշ չափով կթուլացնի սոցիալական լարվածությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, թե երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում դեռեւս բավականաչափ աշխատանք կա կատարելու:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ:




























