Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով: Այս մասին POLITICO Europe-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով բանակցային գործընթացի մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել. «Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել՝ պիտի ասեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության պարագայում և 86 600 քառակուսի կմ Ադրբեջանի պարագայում՝ տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, բայց խնդիրն այն է, օրինակ՝ ես այդ պայմանավորվածությունից հետո հրապարակային վերահաստատել եմ և հիմա էլ վերահաստատում եմ մեր հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ: Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, շատ նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա, և դրա, այսպես ասած, անկեղծությունն է կասկածի տակ դնում: Էլ չեմ ասում, որ իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով»։ 

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում պայմանավորվա՞ծ է հաշտության պայմանագրի ստորագրմամբ, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար, պատասխանը եղել է. « Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես ասացի, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ: Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երևանում մամուլի ասուլիս եմ տվել, և լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ այո, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»։ 

Հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ  բանակցված լուծումը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, և արդյոք նա բախվում է միջազգային ճնշման՝ ընդունելու նման գործարքը, որը կարող է հանգեցնել հայերի դուրսբերմանը Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է հենց իմ ասածը՝ համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով»։