ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հայացք» ակումբում հայտարարել է, թե ԲՀԿ-ն որեւէ կապ չունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու դեպքում ո՞ւմ կողմն է անցնելու ԲՀԿ-ն, Գալստյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն քաղաքական ուժ է եւ ոչ մի կապ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չունի: Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել ակտիվ քաղաքականություն, դա իր գործն է: ԲՀԿ-ն վաղուց որդեգրել է ինքնուրույն քաղաքական ուղեծիր, եւ մեր որոշումներ ընդունելու կենտրոնը ԲՀԿ քաղխորհուրդն է՝ ԲՀկ նախագահ Գագիկ Խառուկյանի գլխավորությամբ»:
Ի դեպ, ԲՀԿ-ն վերջին շրջանում բավական տարօրինակ է պահում իրեն: Մասնավորապես ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած՝ 300 մլն դոլար վարկի հաստատմանը: Մեկնաբանելով այդ փաստը՝ Խաչիկ Գալստյանն ասաց. «հատուկ քաղաքական որոշում չի կայացվել, բայց մեր պատգամավորները դեմ են քվեարկել, քանի որ հիմնավորումները բավարար ներկայացված չեն, թե այդ վարկը ինչպես է ծախսվելու»: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի դիտարկումներից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն նաեւ նեղացած է կոալիցիոն գործընկերներից: «Եթե այդ վարկն այդքան կարեւոր էր, պիտի կոալիցիոն նիստ լիներ, եւ քննարկվեր: Դեմ քվեարկելը կառավարությանը սթափեցնելու գործիք է, որ կառավարությունը հաջորդ անգամ հավուր պատշաճի ներկայանա խորհրդարան»,- նկատեց Գալստյանը:



























