«Ղարաբաղի տարածքը հաստատված է Սահմանադրությամբ, եւ մենք չենք պատրաստվում տարածքների առումով որեւէ կարգի զիջման։ Ասելով „տարածքներ“՝ մենք նկատի ունենք Արցախի փաստացի ներկա տարածքը։ Դա մեր դիրքորոշումն է, եւ մենք դրանով ենք առաջնորդվելու»,- լրագրողներին հայտնել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին՝ Արա Հարությունյանը նշել է, որ այդ փաստաթուղթն Արցախը պաշտոնապես չի ստացել, «եւ մենք դրա մասին իմանում ենք թերթերից եւ տեղեկություններից, որոնք մեզ համար չեն կարող փաստաթուղթ լինել»։
«Ինչպես մեր, այնպես էլ ՀՀ նախագահը նշել են, որ ցանկացած փաստաթուղթ Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից կընդունվի միայն ժողովրդի հավանությանը արժանանալուց հետո։ Մենք իրավունք չունենք կասկածել այդ հարցում, քանի որ վերջին խոսքը ժողովրդինն է»,- նշել է վարչապետը։
Խոսելով հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Արա Հարությունյանը նշել է, որ դրանց հետ հույսեր է կապում նաեւ ԼՂՀ-ն, մասնավորապես՝ տնտեսական առումով, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացումը ենթադրում է նաեւ Արցախի տնտեսության զարգացումը։
«Մենք գիտակցում ենք, որ սա երկրի զարգացմանը նպաստող ճանապարհ է։ Սակայն այն պետք է ընթանա առանց նախապայմանների։ Սահմանի բացումը չի նշանակում պայմանների եւ պահանջների ընդունում»,- ասել է Արա Հարությունյանը՝ նշելով, որ"Ազատ հայրենիք"-ը լիովին վստահում է ՀՀ նախագահի վարած քաղաքականությանը։ «Մենք հավատում եւ վստահում ենք նրան, որովհետեւ նրա 20-ամյան գործունեությունը թույլ է տալիս վստահ լինել, որ Հայաստանի նախագահի արած ամեն մի քայլը հաշվարկված է եւ մտածված»,- ասել է Արա Հարությունյանը։



























