Ինչպես հայտնի է, նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011թ. առաջնության շրջանակներում երկու նախընտրական խաղ կանցկացնի։ Նոյեմբերի 14-ին մեր հավաքականն ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։ Խաղը կսպասարկի Ռուսաստանից ժամանած մրցավարական խումբը՝ Իգոր Եգորովի գլխավորությամբ,- հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նրան կօգնեն Վլադիսլավ Խոդեեւը եւ Իլյա Բարիշնիկովը։ 4-րդ մրցավար է նշանակված Ալեքսեյ Կովալեւը։
Հայաստան-Իռլանդիա խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, գլխավոր մրցավար է նշանակված Ռադեկ Պրիխոդան։ Էմիլ Ուբիաշը եւ Մարտին Վեչերան կլինեն եզրային մրցավարներ, 4-րդ մրցավարի պարտականությունները դրված են Ռադեկ Կոցիանի վրա։ Մրցավարական խումբը Չեխիայից է։
Պետք է հուսալ, որ մեր «երիտասարդականը» չի ձախողվի այս խաղերում, քանի որ մրցակիցները չեն պատկանում ֆուտբոլային գերտերությունների շարքին։



























