Իրավիճակը կառավարության շենքի դիմաց չի հանդարտվում: Ժամանակ առ ժամանակ հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Հրմշտոցից վնասվածք ստացած քաղաքացիներ կան։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անրդանիկ Թեւանյանը կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրանքների, համատեղ ջանքերով, կազմակերպված հասնել իրենց նպատակներին:
«Կոչ եմ անում որեւէ մեկը սադրիչ գործողությունների չդիմի: Մեր նպատակը իշխանափոխության իրականացնումն է: Իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի այն ճանապարհային քարտեզով, որը մենք պատկերացնում ենք»,-ասաց նա, սակայն այդ աղմուկի մեջ իր ձայնն այնքան էլ լավ չէր լսվում:
Ոստիկանության նորանոր ուժեր են բերվել կառավարության շենքի մոտ, մասնավորապես կարմիր բերետավորներ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը նաեւ լուսաձայնային նռնակներ կիրառեց, հրապարակը պատվեց ծխով:




























