«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն առաջադրվել է պատգամավորության թեկնածու Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ` ի կատարումն հանուն օրինականության եւ արդարության, հանուն իշխանություն ձեւավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության` բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման:

Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, եւ այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում` որպես „Երեւան-Կենտրոն“ քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես ՀՀ քաղաքացի»:

«Պատգամավորի թեկնածու առաջադրվելու այս քայլին դիմում եմ` հանուն 2008 թ. մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակի, հանուն բռնապետության զնդաններում պահվող քաղբանտարկյալների, հանուն բոլոր այն քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարված են, ում արժանապատվությունը խոցված է „ամենաթողության“ կողմից: Այս քայլը անում եմ հանուն մեր երեխաների, ովքեր Ազատ եւ Երջանիկ Հայաստանում ապրելու մեր խոստումն ունեն»,- նշել է Փաշինյանը:

Անազատության մեջ գտնվող խմբագիրը նաեւ իր երախտիքն է հայտնում «Հանրապետություն» կուսակցությանը, նրա Քաղաքական խորհրդին, ՔաղԽորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ովքեր հնարավոր համարեցին իրենց սկզբունքների եւ արժեքների պաշտպանությունը` իմ թեկնածությանը աջակցելու միջոցով:

«Ակնկալում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս չկազմող ընդդիմադիր ուժերը նույնպես հստակ դիրքորոշում կարտահայտեն սպասվող ընտրությունների վերաբերյալ»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ես հավատում եմ մեր հաղթանակին, ոչ միայն հունվարի 10-ի ընտրություններում, այլեւ` հանուն Սահմանադրության, օրինականության, ժողովրդի իշխանության մեր մղած պայքարում: Համոզված եմ, որ Հաղթանակը իրաղություն կդառնա այն պարագայում, երբ Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի երազանք ունեցող ամեն ոք` անկախ քաղաքական եւ քաղաքացիական դիրքից, հանուն հաղթանակի, իրենից կախված հնարավորը կանի:

Եւ ուրեմն` Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,Կեցցե Ազատությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի