«Տոյոտա-Երեւան» ընկերությունը կրկին առաջատարն է 2009թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի կառավարությանը մեքենաներ մատակարարելու գործում: Նշենք, որ ըստ հավաստի աղբյուրների՝ այդ ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թեեւ անվանապես ձեւակերպված է Քոչարյանի մտերիմը համարվող, գործարար Սամվել Մայրապետյանի անունով:

Այսպես, «Ասպարեզ» ակումբը հրապարակել է ֆինանսների նախարարության տվյալները, համաձայն որոնց՝ 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի կառավարությունը գնել է 114 տարբեր մակնիշների մեքենա՝ 808 միլիոն 846 հազար 500 դրամ ընդհանուր արժեքով: Այդ գումարից 68,9 տոկոսը՝ 557 մլն 250 հազար դրամը ծախսվել է «Տոյոտա» մակնիշի 71 մեքենա գնելու վրա:

Հիշեցնենք, որ «Տոյոտա-Երեւանն» առաջինն էր նաեւ 2007 եւ 2008 թվականների տվյալներով: 2007թ. կառավարությունը «Տոյոտա» մեքենաներ գնելու վրա ծախսել է 969 մլն դրամ կամ 58,2 տոկոսը, իսկ 2008թ.՝ 1 մլրդ 931 մլն դրամ կամ 72,6 տոկոսը:

Կառավարությունը 2009թ. առաջին կիսամյակին 135 մլն դրամ կամ գումարի 16,8 տոկոսն է ծախսել «Մուրան» ՍՊԸ-ից 20 հատ մեքենա գնելու վրա, եւ 68 մլն կամ 8,4 տոկոսը՝ «Արիան մոթորս սենթրալ սերվիսից» մեքենաներ գնելու վրա:

Ի դեպ, ընթացիկ տարում կառավարությունը մեքենաներ չի գնել «Քարկոմավտո»-ից, «Արմենիա-Լադա»-ից, «Եվրովագեն»-ից եւ այլ խոշոր ընկերություններից: