Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների շրջանակներում լսվում էր 2010 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության, մշակույթի ու Սփյուռքի ոլորտների ֆինանսավորման վերաբերյալ հարցը: Նշենք, որ այդքան կարեւոր խնդիրների քննարկմանը ներկա էին ընդամենը 5-6 պատգամավորներ: Դրանից զատ, ներկա չէին ոչ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ոչ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, իսկ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանն էլ եկավ ուշացումով: Այս քննարկումներում համապատասխան ոլորտները ներկայացնում էին փոխնախարարները:

Մինչ այդ, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ 2010 թվականի բյուջեով կրթության ոլորտին հատկացվելու է 95,5 միլիարդ դրամ, որը 24,7 տոկոսով պակաս է 2009-ի բյուջեով նախատեսված գումարներից: Ըստ այդմ, ծախսերի նվազումը 2009-ի ճշտված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 31,1 մլրդ դրամ, իսկ սպասվելիք կատարողականի նկատմամբ` 13,4 մլրդ դրամ:

Նշված 95,5 միլիարդ դրամի ծախսային մասից հանրակրթական ոլորտին հատկացվելու է 65,5 միլիարդ դրամ, նախնական մասնագիտական կրթությանը` 1,9 մլրդ դրամ, միջին մասնագիտական կրթությանը 2,97 մլրդ դրամ:

Հատկանշանական է, որ 2010 թվականի համար նախատեսվել է, որ աշակերտների թիվը այս տարվա համեմատ կրճատվելու է 19 հազարով` 399 հազար աշակերտից հասնելով 380 հազար աշակերտի: Սա, ըստ էության, նշանակում է, որ սին են եղել բոլոր խոսակցությունները, թե Հայաստանում արտագաղթը կանգ է առել եւ անգամ նկատվում է ներգաղթ: