ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երեւանի կենտրոնում նոր մասնաճյուղ է բացել: Բացմանը ներկա են գտնվել Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, այլ պաշտոնատար անձինք, դեսպաններ, գործարարներ: Նոր մասնաճյուղը 7-րդն է Երեւանում եւ 42-րդը` Հայաստանում:

Արթուր Ջավադյանը նշել է, որ նոր չափանիշները, որոնց համապատասխանում է Բանկը, օրինակ կարող է ծառայել Հայաստանի բանկային համակարգի համար:

«Մենք ուրախ կլինենք, եթե բանկային համակարգը շարունակի շարժվել նոր մասնաճյուղերի մակարդակը եւ ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է ԿԲ նախագահը:

Իր հերթին, Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ս. Գիշյանը նշել է. «Նոր մասնաճյուղում մենք կներկայացնենք մեր ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում VIP-սեգմենտը: Մեր նպատակն էր, որպեսզի մեր հաճախորդներն այս մասնաճյուղում սպասարկվեն այնպես, ինչպես դա կարող է լինել Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու-Յորքում»:

Հիշեցնենք, որ նոր՝ Արմենիա մասնաճյուղը նախատեսված խոշոր շրջանառություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար: Մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ինչպես բանկի առաջարկած բազմաթիվ վարկատեսակներից ու ավանդատեսակներից, այնպես էլ ստանալ բանկային երաշխիքներ, օգտվել ակրեդիտիվներից, ֆակտորինգից, լիզինգից եւ այլ բարձրակարգ բանկային ծառայություններից:

ՀՀ բանկային համակարգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն այսօր առաջատար է մի շարք կարեւորագույն ֆինանսական ցուցանիշներով: Բանկն առաջինն է ակտիվների, վարկային պորտֆելի, սեփական կապիտալի, կանոնադրական կապիտալի, զուտ շահույթի եւ այլ ցուցանիշներով: Բանկի ակտիվներն այս տարվա երրորդ եռամսյակում գերազանցեցին 200 մլրդ. դրամի շեմը: