Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, ովքեր զբաղվում են աշխարհում թոքախտի տարածման արագության գնահատմամբ, Ադրբեջանն ընդգրկել են թոքախտի լայն տարածում ունեցող երկրների ցուցակում, հաղորդում է Vesti.Az-ը:

Փորձագետների կարծիքով` թոքախտի տարածումն Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես  եւ Ադրբեջանում, այդ հիվանդության, ինչպես նաեւ դրա նոր դրսեւորումների  կանխարգելման անհաջող փորձի վկայությունն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաեւ կարծում է, որ եվրոպական երկրները պետք է օրինակ վերցնեն Ադրբեջանից, որը բնակչության պատվաստման ոլորտում մեծ հաջողություններ է գրանցել: Սա ասվել է Բաքվում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի 61-րդ  նստաշրջանի ժամանակ:

Թոքերի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով` Ադրբեջանում ժամանակակից բժշկական միջոցների եւ տեխնոլոգիաների շնորհիվ աճել է հայտնաբերված հիվանդների թիվը: Բացի այդ, բժշկի դիմող հիվանդների թվի աճին նպաստել է որոշ դեղամիջոցների վաճառքի սահմանափակումը: