Ազգային ժողովում 2010 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ թեեւ 2010-ի պետական բյուջեի նախագծով կրճատվել են գրեթե բոլոր ոլորտների ծախսերը, սակայն գիտությունը այն քիչ ոլորտներից է, որտեղ որեւէ ծախս չի նվազեցվել: Հիշեցնենք, որ ի հակադրություն սրա, կրթության ոլորտում բյուջետային կրճատումը ռեկորդային է` 24,7 տոկոս:

Պ. Սաֆարյանի ներկայացմամբ, գիտությանը եկող տարի կհատկացվի 8,36 միլիարդ դրամ, սակայն ինչպես այլ ոլորտներում, այստեղ եւս աշխատավարձերի բարձրացում չի լինի: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե ինչո՞ւ չեն բարձրացվում գիտաշխատողների աշխատավարձերը, որոնք ծիծաղելի աստիճանի ցածր են, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ բարձրացում չի նախատեսված ոչ մի ոլորտի համար, թեեւ իհարկե, լավ կլիներ, որ բոլորի աշխատավարձն էլ բարձրանար:

Պ. Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ հանգստի, մշակույթի եւ կրոնի ոլորտներում բյուջետային հատկացումները 2010-ին կազմելու են 19,1 միլիարդ դրամ, որը 2009-ի հատկացումներից պակաս է 5,6 տոկոսով: Փոխարենը երիտասարդական ծրագրերի համար նախատեսված խասերն ավելանալու են 309 միլիոն դրամից հասնելով 321 միլիոնի; Նկատենք, որ հենց այս ծրագրերի շրջանակում են կազմակերպվում այնպիսի միջոցառումներ ինչպիսիք են «Բազե» երիտասարդական հավաքները: Պ. Սաֆարյանը նշեց, որ այդ ավելացումը կատարվել է որպեսզի ֆինանսավորվեն ինտելեկտուալ խաղերի անցկացումը, հավելելով, որ 2009 թվականին ստիպված են եղել այդ ծախսերի համար գումար տրամադրել պահուստային ֆոնդից: Սրան ի պատասխան Հեղինե Բիշարյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ինտելեկտուալները գիտնականներից չեն գալի՞ս: Ինչո՞ւ նրանց աշխատավարձը չեք բարձրացնում»: