Թուրքիայի իշխանությունը հոկտեմբերից սկսել է հովանավորել Կովկասից մինչեւՄերձեւավոր արեւելքի տարածաշրջանն ընդգրկող մի նախաձեռնություն, գրում է թուրքական Hurriyet-ը։ Պարբերականը մեջբերում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուքա Լոգօղլուի խոսքերը. «Հոկտեմբերը դրական ամիս էր Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, սակայն չի կարելի այն գնահատել գերազանց եւ կատարյալ։ Կան բացականչական եւ հարցական նշաններ»։

Լողօղլուն կարծում է, որ չնայած հոկտեմբերի 10-ին ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, սակայն գործընթացը դեռ փակուղու մեջ է. «Արձանագրությունները ստորագրելու փաստը կարելի է դրական համարել, սակայն չարժե խոսել խաղաղության մասին. դեռ ողջ գործընթացը ավարտված չէ։ Խնդիրը դեռ հրատապ է»։

Hurriyet-ը նաեւ հիշեցնում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի խոսքերը այն մասին, որ հոկտեմբերը կարելի է համարել խաղաղության ամիս՝ նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռուն տանող ջանքերը, ինչպես նաեւ Իրանի, Իրաքի, Սիրիայի հետ հարաբերություններում համագործակցությունից ինտեգրացիային անցնելը։

Այս առթիվ պարբերականը նորից մեջբերում է Լոգօղլուն, ով կարծում է, որ «Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ ինտերգրացիան ավելի առաջնային է, քան Եվրոպական Միության հետ հարաբերությունները։ Սա ցույց է տալիս ոչ թե այն, թե ուր է նայում Թուրքիան, այլ՝ թե որտեղ է նա գտնվում։ Ես կարծում եմ, որ Եվրոպայի հետ ավելի աշխուժացող կապերը խոսում են ոչ թե երկրի արտաքին քաղաքականության հարցում Թուրքիայի ունեցած նախասիրությունների, այլ ներքաքաղաքական դինամիկայի մասին»։