«Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, իսկ մենք ուշացնում ենք նրանց համարժեք պատասխանել»,- այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու հարց ուղղեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին, թե արդյո՞ք Հայաստանը պետական մակարդակով որեւէ կոնցեպցիա մշակել է այդ հակաքարոզչությանը պատասխանելու համար:

Ի պատասխան Ա. Պողոսյանն ասաց. «Կա նախագահի հանձնարարությունը մշակույթի, Սփյուռքի ու ԱԳ նախարարություններին` մշակել հայեցակարգ, ընդհանրապես արտերկրում հայապահպանության, հայկական մշակութային արժեքների պահպանության, հակաքարոզչության դեմ պայքարելու հետ կապված: Մեր քաղաքականությունը հիմնականում մշակութային ուղղվածություն պետք է ունենա, եւ մեր դեմ քարոզչությանը պատասխանելը պետք է լինի մեր նյութական ու ոչ նյութական արժեքների, պատմամշակութային հուշարձանների հետ կապված խնդիրների բարձրացումը: Ոչ նյութական ժառանգության օրենքի ընդունումից հետո մեր նախարարությունը պատրաստում է այդ ոչ նյութական ժառանգության ցուցակները: Դրանք ակտիվորեն ներկայացնելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ այդ կազմակերպությունը ծրագիր ունի, ըստ որի՝ նման ցանկերը դարձնում է իրենը, ասենք՝ հայկական դուդուկը: Վերջերս հայկական խաչքարը նույնպես ներկայացվել է որպես հայկական ոչ նյութական ժառանգության տարր»: Նրա խոսքով, նաեւ պետպատվերով գրականություն է տպագրվում՝ նվիրված պատմամշակութային ու ոչ նյութական արժեքներին: «Ինչ վերաբերում է կոնկրետ քարոզչությանը, ապա մենք դա օպերատիվ ձեւով, որքան կարողանում ենք, կանոնակարգում ու վերահսկում ենք»,- ասաց նա:

Իր հերթին Նաիրա Զոհրաբյաննը առաջարկեց այդ երեք նախարարությունների կողմից ստեղծել համակարգող մարմին, որտեղ կլինեն նաեւ այլ իրավասու անձինք, որպեսզի հայկական կողմի պատասխանն Ադրբեջանին լինի համարժեք ու ժամանակին:

Նշենք, որ մշակույթի ոլորտին 2010 թվականի բյուջեով նախատեսվել է հատկացնել 8,9 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ այս տարի այն եղել է 9,8 միլիարդ դրամ: