Չեխիայի Սահմանադրական դատարանը Բրնո քաղաքում կայացած այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն՝ Լիսաբոնյան համաձայնագիրը չի հակասում երկրի Սահմանադրությանը, հաղորդում է Reuters-ը։ Այսպիսով, Եվրոպական Միության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար այլեւս ոչ մի խոչընդոտ չկա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵՄ առաջնորդները համաձայնել են Չեխիայի համար բացառել Հիմնարար իրավունքների եվրոպական խարտիայի մի շարք դրույթներ, քանի որ միայն այդ դեպքում Չեխիան կհամաձայնվի ստորագրել Լիսաբոնյան պայմանագիրը։ Այս մասին հայտարարությունն արվել է եվրոպական երկրների ղեկավարների հոկտեմբերի 29-ին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո։

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, հանդիպմանը հայտարարել էր, որ պայմանագիրը կարող է վավերացվել նոյեմբերի 3-ին՝ երկրի Սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվելուց հետո։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, հաղթահարվեց Չեխիայի կողմից փաստաթղթի վավերացման վերջին խոչընդոտը։ Ի դեպ Եվրոպական Միության երկրներից Չեխիան միակն է, որ մինչ օրս չի վավերացրել փաստաթուղթը։