«Մեր երկրում ժողովրդագրական ահավոր վիճակ է: Մի կողմից ծնելիությունն է ընկել, մյուս կողմից արտագաղթն է շարունակվում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես բացատրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այն փաստը, որ եկող տարվա պետական բյուջեով նախատեսվել է, որ Հայաստանում աշակերտների թիվը կրճատվելու է 19 հազարով: Հիշեցնենք, որ եթե այս տարի մենք ունեցել ենք 399 հազար աշակերտ, ապա եկող տարի այդ թիվը կազմելու է 380 հազար:
Նրա խոսքով, այս թվերը ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում արտագաղթը ոչ միայն կանգ չի առել, ինչպես ասում էին որոշ պաշտոնյաներ, այլ անգամ տեմպերը չեն նվազել: «Արտագաղթը նույն թափով շարունակվում է: Սա շատ լուրջ խնդիր է եւ ուղղակիորեն կապված է երկրի պաշտպանության ու անվտանգության հետ: Սա նշանակում է, որ մեր հարեւանները խնդիր չունեն մեր երկիրը թուլացնելու համար ջանքեր գործադրելու առումով: Մենք ինքներս ենք դա անում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչով եք բացատրում, որ մի կողմից երկրի վարչապետը խոսում է գիտատար տնտեսություն կառուցելու մասին, սակայն այսօր երբ ԱԺ-ում քննարկվում է եկող տարվա բյուջեով կրթությանն ու գիտությանը հատկացվելիք գումարների հարցը, ներկա են միայն 5-6 պատգամավորներ, Ա. Բախշյանը պատասխանեց. «Դա ԱԺ-ի նկարագիրն է: Նրանց հետաքրքիր չէ: Վարչապետը լավ-լավ բաներ է ասում, բարի ցանկություններ է արտահայտում, բայց ասելը մի բան է, իրականությունը` մեկ այլ: Մեր Աժ-ն Սահմանադրությանը հակառակ է ձեւավորվում, այսինքն ԱԺ-ում պատգամավորներ են, որոնք ակնհայտորեն բիզնեսմեններ են, նրանց հետաքրքրում է միայն բիզնեսը: Իսկ մնացած հարցերի նկատմամբ նրանց հետաքրքրությունը ուղիղ համեմատական է նրանց այսօրվա քննարկումներին ներկայացվածությանը»: Անահիտ Բախշյանի ներկայացմամբ, ընտրությունների ժամանակ ընտրողները պետք է քաջ գիտակցեն, որ ընտրելով բիզնեսմենին, նրանք օրենքի դեմ են քվեարկում:




























