Նոյեմբերի 4-ին Իրանում ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի աջակիցները որոշել են հանրահավաք անցկացնել: Բանն այն է, որ վաղը, Իրանում նշվում է արմատական ուսանողների գործողության 30-րդ տարին, երբ նրանք Թեհրանում գրավեցին ամերիկյան դեսպանատունը եւ 52 մարդու պատանդ պահեցին:
Իրանի հեղափոխության պահապանները զգուշացրել են ընդդիմությանը, որպեսզի հակաամերիկյան հանրահավաքները չվերածեն հակակառավարական ցույցերի:
Դրանից զատ, Մուսավիի կինը երկրի իշխանություններին կոչ է արել անհապաղ ու անվերապահ ազատ արձակել հունիսի 12-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ բոլոր ձերբակալվածներին, հատկապես՝ կանանց: Նրա հայտարարությունը տեղադրվել է ընդդիմադիր կայքերից մեկում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հասարակական հոծ զանգվածները դուրս եկան փողոց՝ բողոքելու ընտրության արդյունքները կեղծելու դեմ: Տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որի արդյունքում իշխանությունները ուժ կիրառեցին եւ սպանեցին 12 հոգու: Ընդդիմությունը պնդում, որ զոհերի թիվն անհամեմատ մեծ է: Այժմ ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ գտնվում են բանտերում:




























