Խոզի գրիպով վարակվածության 4 նոր դեպք է գրանցվել Վրաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Համաճարակային հսկողության ազգային կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն։
Նրա խոսքով, գրանցված բոլոր նոր դեպքերի պատճառը եղել է այլ երկրներից վարակի ներմուծումը Վրաստան։ Վարակվածներից երկուսը եկել են Ուկրաինայից, մեկը Թուրքիայից եւ ես մեկն էլ Մեծ Բրիտանիայից։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Առ այսօր Վրաստանում գրանցվել է А/ H1N1 գրիպով վարակվածության 31 դեպք։ Նրանցից 29 դեպքը ներմուծվել է երկիր դրսից, իսկ երկուսն էլ վարակվել են եկածներից։ «Մենք աշխատում ենք սովորական ռիթմով եւ չենք պատրաստվում լուրջ միջոցների դիմել, քանի որ արդեն կիրառվող միջոցները արդարացնում են իրենց եւ երաշխավորված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,-ընդգծել է Իմնաձեն։




























