«Այս տարվա ընթացքում խոշոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում մեր գերատեսչությունն ընդհանուր թվով 1056 ստուգում է իրականացրել»,- նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նշելով, որ իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցերը՝ նա ավելացրեց, որ հանրապետությունում իրենց իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջե է փոխանցվել 48 մլն դրամի չափով տուգանք։ «Ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 150-200 հազար դրամի չափով»,- հստակեցրեց նա։
«Եթե սննդամթերք արտադրող կամ ներկրող խոշոր ձեռնարկություններում ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններն աննշան են, ապա փոքր եւ միջին ձեռնարկություններում պատկերն այլ է։ Այս առումով անելիք կա հատկապես մարզերում, ուր մայրաքաղաքից, հաճախ անարգել կերպով, ժամկետանց կամ արտադրության ընթացքում սանիտարահիգիենիկ պայմանները չպահպանված սնունդ է տեղափոխվում»,- նկատեց Գ. Բաղյանը։
Ոլորտի ներկայացուցիչը ընդգծեց նաեւ, որ իրենք մշտական ուշադրության կենտրոնում են պահում սննդի հետ անմիջական շփում ունեցող տարաների եւ տոպրակների սանիտարահիգիենիկությունը եւ խախտումների հայտնաբերման դեպքում ոչնչացնում են դրանք։ Որպես նշվածի օրինակ՝ Գ. Բաղյանը խոսեց Էջմիածնում վերջերս հայտնաբերված եւ ոչնչացվելու ուղարկված միանգամյա օգտագործման սպասքի դեպքը։



























