ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է «ահաբեկչական սպառնալիքները»։
Բլինքենը և Ֆիդանը շեշտել են, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան ունեն «ահաբեկչական սպառնալիքները տապալելու ընդհանուր նպատակ», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Անկախ նրանից, թե սպառնալիքները գտնվում են Սիրիայում, Իրաքում կամ այլուր, դրանք խաթարում են Միացյալ Նահանգների, Թուրքիայի և դաշնակիցների անվտանգությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ընդհանուր գործունեության համակարգման և հակասությունների վերացման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդման մեջ։
Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆիդանը «կտրուկ կերպով տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ Միացյալ Նահանգները, որպես Թուրքիայի դաշնակից, պետք է դադարեցնի համագործակցությունը» Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ջոկատների հետ և նշել, որ «Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունները Իրաքում և Սիրիայում կշարունակվեն վճռական կերպով»։
Նախարարները տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների շրջանակներում քննարկել են Իրաքում և Սիրիայում Թուրքիայի և ամերիկյան զորքերի փոխգործակցության մեխանիզմը։ Կողմերը եկել են այն եզրակացության, որ «թուրքական զինված ուժերի խոցված անօդաչու թռչող սարքի համատեքստում այդ մեխանիզմն արդյունավետորեն կգործի՝ չմիջամտելով Թուրքիայի՝ ահաբեկչության դեմ պայքարին»։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։





























