ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում է կատարել Թել Ավիվ զենքի անհապաղ տեղափոխման վերաբերյալ Իսրայելի խնդրանքը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրները նշում են, որ իսրայելական պաշտոնյաները խնդրել են Միացյալ Նահանգներին փոխանցել որոշակի սպառազինության համակարգեր, և Վաշինգտոնն աշխատում է այդ խնդրանքը կատարելու ուղղությամբ: Նրանք չեն հստակեցրել, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգությունը։
Զենքի փոխանցումը կարող է լինել Իսրայելի համար նոր օգնության փաթեթի մի մասը, CNN-ին ասել է պետքարտուղար Անթոնի Բլինքենը:
Իսրայելին հավելյալ օգնություն տրամադրելու ցանկացած խնդրանք անմիջապես կբախվի Ներկայացուցիչների պալատում առկա դիսֆունկցիայի հետ, որը պետք է հաստատի լրացուցիչ ֆինանսավորումը: Ինչպես շաբաթ օրը նշել է նախկին խոսնակ Քևին ՄաքՔարթին, «Պալատը չի կարող որևէ բան անել, քանի դեռ չի ընտրել խոսնակ, և ես չգիտեմ, թե արդյոք դա տեղի կունենա արագ»:
Բայդենը հավելյալ աջակցություն է ուղարկել Իսրայելին «Համասի այս աննախադեպ ահաբեկչական հարձակումից հետո», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Նախագահին և փոխնախագահ Քամալա Հարիսին կիրակի առավոտյան ազգային անվտանգության թիմը զեկուցել է Իսրայելում տիրող իրավիճակի մասին և նրանք կշարունակեն թարմացումներ ստանալ, ասվում է հայտարարության մեջ:
Նախագահը հանձնարարել է իր թիմին անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու Իսրայելին հակամարտությունում, ասել է ամերիկացի պաշտոնյան։ «Մեզ ասել են՝ ինչ պետք է ասա, կստանաս»,- ասել է մեկ այլ աղբյուր։
Մի տարբերակ, որը կարող է քննարկել Սպիտակ տունը, Իսրայելում պահվող ամերիկյան զինամթերքի քիչ հայտնի պաշարների տրամադրումն է: Զենքերը նախատեսված են Մերձավոր Արևելքում հակամարտությունների ժամանակ ԱՄՆ-ի օգտագործման համար, սակայն ԱՄՆ-ն նաև թույլ է տվել Իսրայելին այդ զինամթերքին հասանելիություն ունենալ արտակարգ իրավիճակներում:
Թեև ԱՄՆ-ն այդ զինամթերքի մի մասն ուղարկել է Ուկրաինա, սակայն Իսրայելի զինանոցում դեռ բավական է մնացել, ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ վարչակազմը չի ակնկալում, որ Իսրայելին տրվող որևէ ռազմական օգնություն կազդի Ուկրաինա զենք ուղարկելու նրա կարողության վրա, քանի որ երկու երկրներն օգտագործում են տարբեր համակարգեր: «Իսրայելն ունի երկաթյա գմբեթ, իսկ Ուկրաինան՝ NASAMS, Patriot, Hawks», - հավելել է պաշտոնյան՝ նկատի ունենալով հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերը։ «Դա մի փոքր այլ կատեգորիա է»,-հավելել է նա:




























