«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ընթացող դատավարության ընթացքում նոյեմբերի 2-ին դատարանը շարունակել է լսել գործով անցնող վկաներին:

Դատարանում վկայություն են տվել հագուստի խանութի վաճառողուհի Արմենուհի Հայրապետյանը, տաքսի-ծառայության աշխատակից Ժաննա Միքայելյանն ու «Ուրարտու» խանութի մոտ գտնվող «լահմաջոյանոցի» աշխատող Սաթենիկ Մնացականյանը: Նրանք բոլորն էլ հայտարարել են, թե չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, երեք վկան էլ միաբերան պնդել են, թե ոստիկանները 2007թ. հոկտեմբերի 23-ին ցուցարարների նկատմամբ բռնություն չեն գործադրել, մինչդեռ գործում առկա տեսանյութով հակառակն է ապացուցվում: «Ինչո՞ւ եք այդպիսի հարցեր տալիս: Ուզո՞ւմ եք՝ ասեմ, թե ոստիկանները մարդկանց ծեծեցին, լցրեցին մեքենաները, տարա՞ն»,- պաշտպանների հարցերից նյարդայնանալով վերջապես հարցրել է վկաներից մեկը՝ չկարողանալով ստել:

Պաշտպանական կողմը նաեւ միջնորդել է անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին: «Իհարկե, դատարանից որեւէ ակնկալիք չունենք»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկժամյա ընդմիջումից հետո մերժել է միջնորդությունը: Այս պահին դատարանը շարունակում է գործով անցնող վկաների հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ ՀԺ-ի գլխավոր խմբագրին, որ 2008թ. մարտի 1-ից հետո գտնվում էր ընդհատակում եւ 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահներին, բացի զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքից՝ մեղադրում են նաեւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում՝ հանրահավաքի մասին իրազեկելիս ոտքով հարվածել է մի ոստիկանի: