Իսրայելական հետախուզությունն ունի բոլոր հնարավորությունները՝ ուսումնասիրելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների ձեռք բերած զենքի աղբյուրները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական ​​կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինի խոսքերն այն մասին, որ զենքի մի մասը կարող էր ՀԱՄԱՍ-ի զինյալներին հասնել, այդ թվում՝ Ուկրաինայից։

Նա X սոցիալական կայքում ասել է, որ Վաշինգտոնը պետք է աշխատի Իսրայելի հետ՝ հետևելու «ամերիկյան ցանկացած զենքի սերիական համարներին, որոնք Համասը կարող էր օգտագործել»: «Դա [զենքը] եկել է Աֆղանստանի՞ց: Ուկրաինայի՞ց է եկել։ Շատ հավանական է, որ պատասխանը կլինի երկուսն էլ»,- գրել է Գրինը։

Պեսկովն ակնհայտ է համարել, որ որոշ զենքեր, որոնք արևմտյան երկրները մատակարարում են Կիևին, «ամբողջովին այնտեղ չեն հայտնվում», բայց կարող են «վաճառվել զենքի բարոնների կողմից ամբողջ աշխարհում»: «Այս դեպքում պարզապես պետք է սպասել, մինչև լինի որակյալ, ճշգրիտ տեղեկատվություն»,- հավելել է նա։