Ռուսական հետախուզական ծառայությունները Մերձավոր Արևելքում Ուկրաինան վարկաբեկելու արշավ են իրականացնում՝  Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հարձակումը  լայնածավալ սադրանքի համար օգտագործելով։ Այս մասին Facebook-ում հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչություն (ԳՀՎ)։

Ինչպես նշում է հետախուզությունը, ռուսական ԳՀՎ-ն արդեն ՀԱՄԱՍ-ին է փոխանցել ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում պատրաստված զենքեր, որոնք գրավվել են Ուկրաինայի մարտերի ժամանակ։ Հաջորդ քայլը, ըստ ռուսների պլանի, պետք է լինեն կեղծ մեղադրանքներն ուկրաինացի զինվորականների դեմ՝ իբր արևմտյան զենքն ահաբեկիչներին պարբերաբար վաճառելու մեջ։ 

Հերթական սադրանքն ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի վարկաբեկմանը, որպեսզի դադարեցնեն Ուկրաինային՝ արևմտյան գործընկերների ռազմական օգնությունը, ասվում է հաղորդագրությունում։