Այս ամսվա վերջին Ադրբեջանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) կստանա «խոզի գրիպ»-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 170 հազար չափաբաժին:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այժմ պատվաստանյութը գրանցվում է ԱՀԿ-ում եւ Ադրբեջան ուղարկվելուց հետո գրանցում է անցնելու նաեւ այդ երկրում: Ներկայումս Ադրբեջանում որոշվում են պատվաստման համար առաջնահերթ խմբերը, իսկ պատվաստումը կանցկացվի դեկտեմբերից:
Հիշեցնենք, որ «խոզի գրիպ»-ի պատճառով Ուկրաինայում կարանտին է հայտարարված: «Խոզի գրիպ»-ի դեպքեր են գրանցվել նաեւ մեր հարեւան Ադրբեջանում ու Վրաստանում: Իսկ Թուրքիայում երեկվա դրությամբ այդ հիվանդությունից զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ երկրում միայն մեկ օրում «խոզի գրիպ»-ից մահացել է 5 մարդ: Հայաստանում դեռեւս «խոզի գրիպ» հայտնաբերված չէ: Ամբողջ աշխարհում «խոզի գրիպ»-ից զոհերի թիվը հասնում է մոտ 5 հազարի, իսկ վարակվածների թիվը` 400 հազարի:




























