Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետական ծառայողներին ծանոթացրել է Ժողովրդավարության եւ օրենքի կենտրոնի հետազոտության արդյունքներին: Նրա խոսքով, միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալներով, Վրաստանի պետական ապարատն իր էրդյունավետ եւ թափանցիկ աշխատանքի ցուցանիշով երկրորդ տեղում է` Նոր Զելանդիայից հետո, հաղորդում է apsny.ge-ն:
Երկրի նախագահը հիշել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանի մոտ տեղի ունեցած սողանքի մասին, որի հետեւանքով 5 մարդ էր մահացել:
«Հայաստանում ողբերգական դեպքի արդյունքում, մահացել են մեր մի քանի քաղաքացիներ, ինչը շատ ցավալի է: Վարորդներից մեկը, ով Վրաստանի քաղաքացի է եւ այստեղ (Վրաստանում-խմբ) քննադատում ու հողին է հավասարեցնում մեր կառավարությանը, տեսախցիկների առաջ ասում է. «Եթե մեր կառավարությունը լիներ, բա 2 ժամում չէ՞ին մաքրի տարածքը: Տեսեք, որքան ժամանակ է ոչ ոք չի եկել, որ մաքրի ճանապարհը: Ես չեմ ուզում որեւէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր ընկերներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում ավելի բարդ իրավիճակների դեպքում է լուծումներ գտել: Իսկ այնտեղ, անհրաժեշտ եղավ երկու շաբաթ: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»,- հայտարարել է Սահակաշվիլին:




























