Հայաստանի կառավարությունը նախատեսում է կարգավորել լաբորատոր հետազոտությունների գործընթացը սահմանային վերահսկման շրջանակում։ Մասնավորապես՝ հանրապետության տարածք սննդամթերքների ներկրման փուլում։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Սննդամթերքների անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների կոորդինացիոն գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Նախատեսվում է  հաստատել իրավական կարգավորում, որի համաձայն՝ ներմուծող կազմակերպությունը, փորձաքննության անհրաժեշտության դեպքում, ինքը կարող է ընտրել լաբորատորիան, որը պետք է ընտրի նմուշները, ինչպես նաեւ համապատասխան փորձաքննությունը։

«Իսկ անհամաձայնության դեպքում արտադրանքի տերը հնարավորություն կունենա նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենտ փորձնական լաբորատորիա այն ցուցակով, որը կհաստատվի կառավարութան որոշմամբ, բայց իր հաշվին»,- ասել է Մարտիրոսյանը։

Այդ լաբորատորիայի պատասխանը կհամարվի վերջնական մինչեւ ռեֆերենս-լաբորատորիայի նշանակումը արդեն Հայաստանի տարածքում։

Պաշտոնյայի կարծիքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել լաբորատոր հետազոտությունների կազմակերպման գործընթացը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է  խորհրդարանական հանձնաժողովի հավանությանը։