Քաղաքացիները, որոնք կխանգարեն մաքսատան աշխատողներին, կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական քննարկման ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասել է պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը։
Անհրաժեշտության դեպքում նրանց կարելի է անգամ ձերբակալել։ «Նախագիծը սահմանում է քաղաքացիների վարքի հստակ կանոններ մաքսային զննման գոտում»,- ասել է Մանուկյանը։
Գործող օրենսդրության համաձայն՝ մաքսային կանոնների խախտման արձանագրությունը կարող է կազմվել միայն այն դեպքում, եթե քաղաքացու անձը պարզված չէ։
«Սակայն գործնականում նման դեպքեր գրեթե չեն հանդիպում։ Հետեւաբար, վարչական ազդեցության կիրառման համար հնարավորություններ կարգախախտների հանդեպ գրեթե չկան»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը։
Օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում կարգախախտների հանդեպ սկզբում կկիրառվեն նախազգուշացումներ։ 6 ամսվա ընթացքում կրկնության դեպքում՝ տուգանք 200 հազար դրամի չափով։
Եթե կարգախախտը դիմադրություն ցուցաբերի, նրա հանդեպ կկիրառվի վարչական կալանք։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























