Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։

Հարգելի գործընկերներ,

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝ հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը, այսինքն՝ ստանձնելիս 2 տարով էինք ստանձնում, ապա երկարաձգվեց:

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից են՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման խթանումը, այդ թվում՝ Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. Ծրագրի միջոցով։ Մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի ամենավառ վկայությունն է արդեն տաս տարի շարունակ յուրաքանչյուր տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէր, և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։ Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ նաև, որ մենք կարևորում ենք ՖՄԿ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առա¬քե-լությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռնվող հնարավորությունները:

Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով»։