Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սլովակիայում հայտնել է, որ Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը այլընտրանք չկա, ինչպես նաեւ անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercekgundem կայքէջը։

Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող Թուրքիայի նախագահը ստացել է Բրատիսլավայի ամենահեղինակավոր՝ Comenius համալսարանի ոսկե մեդալը։ Համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների առաջ՝ Գյուլի ելույթի հիմնական թեման եղել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Եվրամիության հետ հարաբերությունները։ Նախագահ Գյուլը տեղեկացրել է, որ Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար առաջարկել են ստեղծել Կովկասի համագործակցության պլատֆորմ, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Պակիստանի եւ Աֆղանստանի հետ Թուրքիային խոր պատմական հարաբերություններ են կապում եւ առաջարկել է Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ վստահությունը վերականգնելու համար եռակողմ համաժողով սկսել։

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացին, նշել է, որ Թուրքիան շրջվել է դեպի Արեւմուտք եւ Եվրամիության անդամակցության բանակցությունները վճռականորեն շարունակվելու են ու չպետք է մոռանալ Եվրամիությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը։ Գյուլը տեսականորեն համոզված էր, որ մեծ երկրների համար անդամակցության գործընթացը դժվար է լինելու եւ այդ նկատի ունենալով էլ շարունակելու է բանակցությունները։

Թուրքիայի նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովակիայի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ՝ որոնք փակ են եղել մամուլի համար։