Մոլդովայի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 10-ին: Նման որոշում է ընդունվել երկրի խորհրդարանի նիստում: Նախագահի պաշտոնի միակ թեկնածուն դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն է:

Սակայն, եթե նոյեմբերի 10-ին Լուպուն չկարողանա հավաքել անհրաժեշտ ձայները՝ 61-ը 101-ից, 30 օրվա ընթացքում լրացուցիչ ընտրություններ կնշանակվեն: Ավելի վաղ, ընտրությունները նշանակվել էին հոկտեմբերի 23-ին, սակայն քվեարկությունը հետաձգվել էր ընտրական օրենսդրության բացթողումների պատճառով: Դրանք ուղղվել են ընդունված փոփոխությունների արդյունքում: Նախագահ ընտրելու հնարավորություններն այս անգամ էլ այդքան շատ չեն, քանի որ իշխանական կոալիցիան խորհրդարանում 53 մանդատ ունի եւ նրան չի հերիքում 8 ձայն: Ընդդիմությունը, ի դեմս կոմունիստների՝ իրենց 48 մանդատով, չի պատրաստվում քվեարկել իշխանական թեկնածուի օգտին: