Ռուսաստանը և Իսրայելը կանոնավոր ու ինտենսիվ երկխոսություն են վարում, անընդհատ կարծիքներ են փոխանակում, ասել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով  РБК-ի հարցին։

Ավելի վաղ Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին դժգոհություն են  հայտնել «այն դերից, որը որ խաղում է Ռուսաստանը» հակամարտությունում։ Ըստ The Times of Israel-ի, Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել Մոսկվային «ավելի հավասարակշռված» դիրքորոշում ընդունել:

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը հետևողական դիրքորոշում ունի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության վերաբերյալ, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսական կողմի դիրքորոշումը շատ հետևողական է, այն մեկ անգամ չէ, որ արտահայտել է նախագահ Պուտինը։ Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել հրադադարը և հասնել խնդրի լուծմանը, որի հիմքը պետք է լինի պաղեստինցիների համար անկախ պետության ապահովումը»,- ասել է պետության ղեկավարի մամլո քարտուղարը։

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է ինչպես Իսրայելին, այնպես էլ Պաղեստինին։ «Մենք միշտ հանդես ենք եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին՝ առաջին հերթին նկատի ունենալով անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը», - ասել է նա հոկտեմբերի 11-ին։ Նախագահը նշել է, որ այդ որոշման մեջ խոսվում է երկու անկախ պետությունների ստեղծման մասին։ «Իսրայելը, ինչպես գիտենք, ստեղծվել է, բայց Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն դեռ չի ստեղծվել»,- պարզաբանել է նա։