Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց թիվը պակասեց մեկով: Պատգամավորի դաշնակցական թեկնածու Ռաֆայել Այվազյանը նոյեմբերի 3-ին հրաժարվել է հետագա պայքարից:
Դեռ երեկ ՀՅԴ պատասխանատուները ուսերն էին թոթվում, երբ նրանց հարցնում էին ինքնառաջադրված Այվազյանի մասին, իսկ երեկ երեկոյան արդեն ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց, թե Ռաֆայել Այվազյանը «ելնելով անձնական դրդապատճառներից (նա մեկնում է հանրապետությունից),հայտարարել է ինքնաբացարկի մասին»: Հավանաբար դաշնակցականներն իրենք են ստիպել իրենց կուսակցին դուրս գալ ընտրապայքարից, այլապես ինչպես բացատրել, որ մարդն առաջադրվում է, իսկ մեկ-երկու օր անց հանկարծ հիշում, որ պիտի մեկներ երկրից:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Այս պահին այդ ընտրատարածքում առաջադրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Արա Սիմոնյանը` «Ազգային Միաբանությունից» եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:




























