Այս պահին Հայկ Մարությանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

Հարցին՝ Հայկ Մարությանը  մասնակցելո՞ւ է ավագանու նիստերին՝ հաշվի առնելով, որ այսօր ներկա չէր, նա պատասխանեց. «Ամեն դեպքում մեր խմբկցության բոլոր որոշումներն ընդունումը, նախագծերը, որոնց վրա մենք աշխատելու ենք, պարոն Մարությանը մեզ հետ թիմային աշխատում է»:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Հայկ Մարությանի նշանակած անձինք անցնցում են քրեական գործերով, Աբգարյանն ասաց. «Հաշվի առնելով, որ ելույթ ունեցողը շատ հաճախ է մերկապարանոց հայտարարություններ անում, չեմ կարծում, որ այդ անձին մենք պետք պատասխան տանք, առավելեւս Հայկ Մարությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրենք կոչ են անում չմասնակցել ավագանու նիստերին, որպեսզի քվորում չլինի, ընդդիմադիր գործիչն ասաց. «Մենք մտադիր չենք որեւէ ձեւով սատարել, որ ՔՊ-ն ձեւավորի իր թիմը, որովհետեւ մենք համարում ենք, որ ՔՊ-ն չունի այդ իրավունքը, չունի երեւանցիների 50 տոկոսից ավելիի աջակցությունը: Պետք պատրաստ չենք մասնակից լինելու այդ ամենին:

Մենք դեմ ենք, որ ՔՊ-ն թիմ ձեւավորի: Մենք գտնում ենք, որ ճգնաժամ կա, եւ մեր քայլով դա ենք ապացուցում: Այն հարցերը, որոնք վերաբերում են երեւանցիներին եւ քաղաքին, մենք մտադիր չենք սաբոտաժի ենթարկելու»: