Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) առաջնորդ Պեդրո Սանչեսը հայտարարել է Կատալոնիայի անկախության կողմնակիցներին համաներման նախաձեռնությանն աջակցելու մասին։
«Կատալոնիան պատրաստ է ամբողջական վերամիավորման»,- գրել է նախարարների կաբինետի ղեկավարը՝ X սոցիալական ցանցում. «Իսպանիայի անունից, Իսպանիայի շահերից ելնելով, ի պաշտպանություն իսպանացիների համակեցության, այսօր ես պաշտպանում եմ համաներումը Կատալոնիայում»։
Ավելի վաղ հազարավոր մարդիկ բողոքում էին Իսպանիայում անջատողականների հնարավոր համաներման դեմ։
Հոկտեմբերի 24-ին PSOE-ի և ձախակողմյան «Սումար» շարժման միջև երկրի կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսպանիայում հուլիսին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով սոցիալական կուսակցությունը Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ) 350 մանդատից ստացել է 121 մանդատ: «Սումար»-ը ստացել է 31 մանդատ: Երկու քաղաքական ուժերը միասին վերցրած բավարար ձայներ չունեն՝ հեշտորեն հաստատելու Սանչեսի թեկնածությունը կաբինետի ղեկավարի պաշտոնում: Այս առումով կարևոր է, որ PSOE-ն ստանա խորհրդարան անցած այլ կուսակցությունների աջակցությունը, ներառյալ կատալոնական քաղաքական ուժերը, որոնք աջակցում են տարածաշրջանի անկախությանը:





























