Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն հետաքրքրված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնով, սակայն չի կարծում, որ լավ հնարավորություններ ունի այս պաշտոնը ստանձնելու համար։ Նիդեռլանդների կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել հոլանդական Den Haag FM ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Նման դերը հետաքրքիր կլիներ, քանի որ այն մի քանի տարի հնարավորություն կտա նպաստել միջազգային ասպարեզում իրավիճակի զարգացմանը՝ գլոբալ լուրջ փոփոխությունների ժամանակաշրջանում», - ասել է Ռյուտեն: Միաժամանակ, նա ընդգծել է, որ մեծ է հավանականությունը, որ այս պաշտոնը կին կզբաղեցնի։
Ռյուտեն երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից։ 2023 թվականի հուլիսին նա հայտարարեց Հոլանդիայի քաղաքականությունից հեռանալու մասին՝ իշխող կոալիցիայի փլուզումից հետո՝ միգրացիոն հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Նա կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև երկրում նոր ընտրությունների անցկացումն ու նոր կոալիցիոն կառավարության ձևավորումը։
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Սպասվում է, որ նա այս պաշտոնը կլքի 2024 թվականի հոկտեմբերին։





























