Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարհին դատապարտել է Իլոն Մասկի խոսքերը, ով ասել է, որ իր Starlink ընկերությունը կապ է պահպանելու միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ՝ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու համար։ Իսրայելցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր գերատեսչությունը խզում է բոլոր կապերը Starlink-ի հետ։
«Գուցե Մասկը կցանկանար պայմանավորել այս [որոշումը] մեր առևանգված երեխաների, որդիների, դուստրերի և ծերերի ազատ արձակմամբ: Բոլորի՛ն։ Մինչ այդ, իմ բաժինը խզում է բոլոր կապերը Starlink-ի հետ»,- X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) գրել է Կարհին:
Նա մեջբերել է Մասկի հաղորդագրությունը, ով ավելի վաղ այս սոցցանցի իր էջում հայտարարել էր Գազայում Starlink-ն օգտագործելու պատրաստակամության մասին։ Նախարարը գրել է, որ «Իսրայելը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները դրա դեմ պայքարելու համար»։
Կարհիի խոսքով՝ արբանյակային համակարգը կարող է օգտագործվել պաղեստինյան արմատականների կողմից։ «ՀԱՄԱՍ-ը դա օգտագործում է իր ահաբեկչական գործունեության համար։ Դրանում կասկած չկա, մենք դրա մասին գիտենք, Մասկն էլ գիտի»,- վստահ է իսրայելցի նախարարը։





























