Եթովպիայի անապատում երկու տեկտոնական սալերի միմյանցից բաժանումը հետագայում կարող է հանգեցնել այս տարածքում նոր օվկիանոսի առաջացմանը։ Այս եզակացությանն են եկել Ռոչեստեր համալսարանի գիտնականները, ովքեր այդ մասին հոդված են գրել «Geophysical Review Letters» ամսագրում։
Բացվածքի լայնությունը որոշ տեղերում հասնում է 6 մետրի, իսկ տարածությունը 56 կիլոմետր է։ Գիտնականների երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ այս տարածքի տեկտոնական ակտիվությունը նույնն է, ինչ որ Կարմիր ծովի հատակում։
2005 թվականից մինչ օրս հավաքված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ այդ շրջանում երկրագնդի կեղեւի ստվար շերտից լավայի արտահոսք է լինում, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել հնարավոր օվկիանոս առաջանալու մասին։
Հոդվածում գրված է, որ տարածաշրջանը սկսած 2005 թվականից գտնվում է գիտնականների ուշադիր հսկողության ներքո, սակայն այստեղ կատարվող գործընթացների ակտիվությունը հիմք է տալիս ավելի համարձակ եզրակացություններ անել։ Միեւնույն ժամանակ տեկտոնական ակտիվության այդ տեսակը լուրջ վտանգ է սպառնում տեղի բնակչությանը։
Երկրաբանները նշում են, որ Եթովպիայում սկսված այս գործընթացը հիանալի հնարավոորւթյունն է տալիս պատկերացում կազմելու եւ հետեւելու այն գործընթացներին, որ տեղի են ունենում օվկիանոսի հատակում։




























