Չինական իշխանությունները հավանության են արժանացրել «The Walt Disney» ընկերության առաջարկների փաթեթը՝ Շանհայի շրջանի Պուդունգ քաղաքում «Դիսնեյլենդ» այգու շինարարության վերաբերյալ: Մի քանի տարի տեւած բանակցություններից հետո նախագծի հաստատումը թույլ կտա ընկերությանը բանակցություններ սկսել իր շանհայյան գործընկերների հետ, ասված է The Walt Disney Company-ի պաշտոնական կայքում:
Ողջ նախագծի ընդհանուր արժեքն առայժմ գաղտնի է պահվում, սակայն որոշ հաշվարկներով, այն կարող է 3 մլրդ դոլար կազմել:
Շանհայում «Դիսնեյ-պարկի» կառուցման շրջանակային համաձայնագրի ստորագրումը կայացել է ընթացիկ տարվա սկզբին: Հոկտեմբերի սկզբին նախագիծը պաշտոնապես հաստատվել է պետական մակարդակով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:




























