Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում «մինչեւ այն պահը, երբ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները եւ չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը»: Այդ մասին ասված է ՍԴՀԿ կենտրոնական վարչության տարածած հայտարարության մեջ:

Կուսակցությունը նաեւ նշում է, որ վերջին օրերին մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոնք հիմնված են անճշտությունների եւ ենթադրությունների վրա, չեն համապատասխանում իրականությանը եւ միտված են տարակուսանք առաջացնելու ժողովրդի մեջ: «Այս առումով հայտարարում ենք՝

1. ՍԴՀԿ 123-ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է եւ այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ եւ խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատների, այլ նաեւ նրանց, ում հետ մենք ունենք հստակ տարակարծություններ` առանց զիջելու մեր սկզբունքները:

2. Հավատարիմ լինելով իր գաղափարախոսությանը` ՍԴՀԿ-ն միշտ եղել է սկզբունքային՝ իր դիրքորոշումների մեջ:

3. ՍԴՀԿ-ն առաջնորդվում է միայն հավաքական ղեկավարության հիմունքներով եւ իր քաղաքական գիծը ճշտում է համագումարներով:

4. Վերջերս կայացած ՍԴՀԿ-ի 19-րդ Համագումարը հաստատեց Կուսակցության հայաստանակենտրոն հանգամանքը ու հստակեցրեց, որ ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, իր համախոհների հետ միասին, մինչեւ այն պահը, երբ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները եւ չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը:

Հետեւաբար, Հայաստանի եւ Սփյուռքի մեր ժողովրդին հայտարարում ենք , որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով, եւ մենք կշարունակենք հավատարիմ մնալ Համագումարի որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս կայացել էր ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպում, ինչն էլ լուրջ տարակուսանքների տեղիք էր տվել, քանի որ ՍԴՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի մաս է կազմում: Լուրջ խնդիրներ էին ծագել նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի՝ ՍԴՀԿ-ից հեռացնելուց հետո: Հայտարարությունը նպատակ ունի նաեւ հարթել ստեղծված իրավիճակը: