Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։

Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, եւ ատոմակայանին որեւէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։

Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որեւէ բնակավայրի, որեւէ շենքի կամ շինության որեւէ վնաս չի հասցրել։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրել է, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։