Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ վերջին օրերին կատարվող իրադարձությունները վերջապես իրենց հանգուցալուծումը ստացան:

ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը այլեւս ՍԴՀԿ անդամ չէ: «Կա վարչության որոշում, եւ մենք պահպանել ենք օրենքի տառը»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ վարչությունը հոկտեմբերի 31-ին նիստ էր գումարել եւ դադարեցրել պատգամավորի անդամակցությունը: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ էլ Վարդան Խաչատրյանին հեռացրել էին «Ժառանգություն» կուսակցությունից: Երկու օր անց ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանը հայտարարել էր, թե ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը կբեկանի այդ որոշումը, իսկ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ է: «Նարեկ Գալստյանը սեփական նախաձեռնություն է դրսեւորել, որը մենք պարտավոր էինք կանխել: Չեմ կարծում, թե նա որեւէ մեկի հրահանգն է կատարել: Ինքն ամեն դեպքում մեր խոսնակն է, եւ պարտավոր էր հարգել վարչության որոշումը»,- մամուլի քարտուղարի վարմունքը այս կերպ մեկնաբանեց Լյուդմիլա Սարգսյանը: