Շուտով հայաստանյան սերիալների շարքը կհամալրվի եւս մեկով, այս անգամ 45 րոպեանոց 12 սերիաներից բաղկացած ֆիլմաշարը նվիրված կլինի ոչ թե որեւէ սիրային պատմության, այլեւ հայ ոստիկանի հերոսական կերպարին: Համենայն դեպս, նոյեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանության կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ ոստիկանապետի՝ սերիալի գլխավոր հերոսի դերը կատարելու է մարտաֆիլմերի հայտնի դերասան Գոռ Վարդանյանը:
Ալիկ Սարգսյանը նիստում նաեւ խոսել է ոստիկանությունում ցածր աշխատավարձի մասին եւ ցավ է հայտնել, որ վերջին շրջանում այդ պատճառով ստանում է աշխատանքից ազատվելու բազմաթիվ դիմումներ։ «Ցավում եմ, որ հիասթափություն կա, դիմումներ են գալիս, որ գնում են այլ աշխատանքի, ավելի բարձր վարձատրվող: Իրավաբանական բարձրագույն կրթությամբ, 11 տարվա աշխատանքային ստաժով օպերլիազորը գնում է բարձր աշխատավարձով աշխատանքի», ասել է նա:



























