Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պարզություն է մտցրել Բաքվում ԱՄՆ հանրապետականների միջազգային ինստիտուտի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ: Դեսպանատան ներկայացուցիչ Թերրի Դեւիդսոնն ասել է. «ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանում քաղաքական բարեփոխումներն ու ժողովրդավարական կառուցվածքները ամրապնդելուն աջակցելու հարցում: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հանրապետականների միջազգային ինստիտուտը, Դեմոկրատների ազգային ինստիտուտը եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը, ամերիկյան կառավարության հիմնական գործընկերներն են»: Նրա խոսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավարտել է անցկացվող ծրագրերի ստուգումը եւ հայտարարել նոր նախագծերի առաջարկների մասին:

Ըստ այդմ, այդ գործընթացում իրենց նախագծերն են ներկայացրել Դեմոկրատների ազգային ինստիտուտն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը եւ այդ կազմակերպություններն էլ հենց կշարունակեն համագործակցությունը ԱՄՆ դեսպանատան հետ, իսկ Հանրապետականների միջազգային ինստիտուտը այդ գործընթացին չի մասնակցել եւ մտադիր է դադարեցնել իր գործունեությունն Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ Հանրապետականների միջազգային ինստիտուտը իր գործունեությունը դադարեցնելու է նոյեմբերի 30-ից: