«Այսօր Հայաստանում „խոզի գրիպ“-ի արձանագրված դեպք դեռ չունենք: Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները կատարվում են, բոլոր անցակետերում աշխատում են մեր բժիշկների հատուկ մասնագիտացված խմբերը` 24-ժամյա ռեժիմով եւ մեր մոնիտորինգային խմբերը այցելում են այդ կետերը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ հավելելով, որ այսօր Առողջապահության նախարարի տեղակալի գլխավորությամբ խումբը մեկնել է Բագրատաշեն, որպեսզի տեղում ծանոթանա իրականացվող անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին:

«Իհարկե, հարեւան երկրներում գրանցվել են այդ հիվանդության դեպքեր եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի կարողանանք հնարավորինս կանխել այն: „Խոզի գրիպի“ դեմ պատվաստանյութ դեռ չունենք, որովհետեւ այն նոր է արտադրված Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ կան իրար հակասող տվյալներ այդ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ: Երբ ստույգ կունենք տվյալներ դրա արդյունավետության վերաբերյալ, որ դրանք անվտանգ են եւ նպատակային կարելի է օգտագործել, այդ ժամանակ ձեռք կբերենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է տեւել 15-20 օր:

Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվում «խոզի գրիպ»-ից, եթե սահմանները բաց են այն երկրների հետ, որտեղ գրանցվել է այդ հիվանդությունը, Հ. Քուշկյանը պատասխանեց. «Մենք շատ ուշադիր ենք հատկապես „Զվարթնոց“ օդանավակայանում: Այն երկրներից ժամանող ուղեւորները, որտեղ արդեն համաճարակը տարածված է, հենց ինքնաթիռում սկսվում են միջոցառումներ: Բաժանվում են հատուկ հարցաթերթիկներ, որտեղ ուղեւորները պատասխանում են այդ հարցերին, եւ եթե կան ջերմող հիվանդներ, մենք արդեն սպասում ենք նրանց: Մենք նրանց հայտնաբերում ենք նաեւ անցակետերում` հարցումներով եւ նաեւ ունենք „տեպլովիզոր“ սարք, որի միջով անցնելուց այն հայտնաբերում է ջերմող մարդուն: Նա առանձնացվում է, եւ եթե կարիքը կա՝ անցկացվում են բուժական միջոցառումներ»: Նա ընդգծեց, որ ամեն օր էլ լինում են կասկածելի դեպքեր, քանի որ միայն «խոզի գրիպը» չէ, կան նաեւ սովորական սեզոնային գրիպներ:

NEWS.am-ի հարցին, թե ցամաքային սահմանում նո՞ւյնպես «տեպլովիզոր» սարքեր են տեղադրված, նախարարն արձագանքեց. «տեպլովիզորներ» չկան, բայց բոլոր անցակետերում ունենք խմբեր, որոնք գրեթե բոլոր ուղեւորների հետ հարցազրույց են ունենում եւ հայտնաբերում են այն ուղեւորներին, որոնք իրենց լավ չեն զգում, կամ ջերմություն ունեն, եւ ըստ այդմ կազմակերպում են այն, ինչ անհրաժեշտ է":