«Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռաուֆ Գուրբանովի հայտարարությունը, թե Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Կոմկուսի ներկայացուցիչների միջեւ առանձին հանդիպում է տեղի ունեցել, սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Նշելով, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը «հիվանդ երեւակայության եւ լպիրշ ստի արդյունք են»՝ նա կոչ արեց չհավատալ դրանց եւ նկատեց, որ «որքան լպիրշ է սուտը, այնքան շատ են դրան հավատացողները»:
Ռուբեն Թովմասյանը ընդգծեց նաեւ, որ բացարձակ սուտ են ադրբեջանցի կոմունիստների հայտարարությունները, թե հանդիպման ընթացքում, իբր, Հայաստանի եւ Ադրբեջանի Կոմկուսի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղի հիմնահարցը, եւ հայ կոմունիստներն ասել են, թե Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։



























