ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշնանային զորակոչն արդեն սկսվել: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզերի և համայնքների դատախազներին ցուցում է տրվել անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանքը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն հետախուզվող զորակոչիկների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: Սա վերաբերում է նաեւ երկքաղաքացիություն ունեցողներին, քանի որ նրանք ՀՀ-ում ճանաչվում են միայն որպես ՀՀ քաղաքացի:
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից եւ «հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը»:
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր:
Իսկ այն անձանց, ովքեր օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր են ձեռք բերել, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նրանք ստանում են զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:



























