Գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի ծախսերի փոխհատուցման ծրագրերի գործողության ժամկետը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար կերկարացվի եւս 3 տարով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նախագծի ընդունումը, ըստ նրա, թույլ կտա մոտ 82 համայնքների եւ բնակավայրերի բնակիչներին, որոնք սոցիալական օգնություն են ստանում, շարունակել փոխհատուցում ստանալ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ օգտվել փոխհատուցման այլ ծրագրերից, որոնք սահմանվել են կառավարության որոշմամբ։

«Վերոնշյալ օրենքը ընդունվել է դեռեւս 2014թ.։ Օրենքի գործողության ժամկետը երկարացվել է երկու անգամ։ Գործող օրենսդրության համաձայն՝ ժամկետը պետք է լրանա 2024թ. հունվարի 1-ին»,- նշել է փոխնախարարը։ Առաջարկվում է գործող օրենքի ժամկետը երկարացնել եւս 3 տարով։