Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման այն տարբերակը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային համաձայնության հասնելու դեպքում՝ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր: Այդ մասին «Республика Армения» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որի կարծիքով կենսունակ կլինի խնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Հարավային Կովկասին վերադարձնել կայունությունն ու հանգստությունը:
Նրա խոսքով, տյվալ լուծումը պետք է օգնի հետկոնֆլիկտային փուլում պահպանել պատմականորեն ձեւավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ «միեւնույն ժամանակ տարածաշրջանը չդարձնելով միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության գոտի»: Խոսելով խնդրի լուծման Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Կարասինն ընդգծել է, որ այն բազմիցս ներկայացվել է, այդ թվու՝ ամենաբարձր մակարդակով:
Փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական մասնակցություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համապատասխան բանակցային գործընթացի սկզբից. «Այժմ Մոսկվան այդ գործընթացն իրականացնում է բազմակողմ ձեւաչափով՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հանդես գալով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- հայտարարել է Կարասինը՝ նկատելով, որ միաժամանակ Ռուսաստանի միջնորդական ջանքերն իրացվում են Բաքվի եւ Երեւանի հետ երկկողմ հարաբերություններում:
Ըստ Կարասինի՝ պատահական չէ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցությունը որակել է որպես «մեր հարաբերությունների չափազանց կարեւոր չափում»:
«Մենք մեր դերը տեսնում ենք ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու մեջ, կողմերին փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների մեջ՝ առանց հակամարտության մասնակիցներին դրսից որեւէ բան պարտադրելու»,- նկատել է նա՝ ընդ որում հավելելով, որ վերջնական ընտրության համար գլխավոր պատասխանատվությունը կրում են իրենք՝ ադրբեջանցիներն ու հայերը:
Կարասինի խոսքով, կողմերն արդեն ձեռք են բերել հիմնարար սկզբունքների համաձայնեցման որոշակի պայմանավորվածություններ եւ «Մոսկվան մտադիր է հետայսու էլ շարունակել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այդ գործընթացի առաջընթացին»:



























