«Որքան էլ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ „Ոչ“ է ասում դրանց, միեւնույնն է՝ այդ փաստաթղթերը կվավերացվեն»,- նոյեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կոմկուսի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Նշելով, որ հայ-թուրքական արձանագրություններում իրենց համար անընդունելի եւ վտանգավոր կետեր շատ կան, նա հիշեցրեց, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դրանց վերաբերյալ իր բացասական վերաբերմունքն արտահայտել է դեռեւս սեպտեմբերի 11-ին։

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չեն միանում արձանագրությունների վավերացմանը դեմ հանդիսացող քաղաքական մյուս ուժերին, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ «դա ամենեւին էլ պարտադիր չէ»: Ավելին, այդօրինակ ուժերից մեկին՝ Դաշնակցությանը, խորհուրդ տվեց չփորձել ինչ-ինչ միջոցներով «ոտքի հանել ժողովրդին»: Նրա խոսքով, ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ կուսակցության պատգամավորներից յուրաքանչյուրն իր վրա վերցներ խորհրդարանի երեքական այլ պատգամավորների համոզելու պարտականությունը՝ դեմ քվեարկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։